Մեր դեմքը մեր ապրումների քարտեզն է, որտեղ տագնապը, նախանձն ու դառնությունը թողնում են իրենց մռայլ հետքերը, մինչդեռ ներողամտությունն ու սերը հարթում են նույնիսկ ամենախորը կնճիռները, նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։
Տեր Հայրն ասում է՝ երբ նայեք հայելուն, մի՛ փնտրեք թերություններ ձեր արտաքինում, այլ փնտրեք այն սերը, որը պետք է ճառագի ձեր աչքերից։
««Սրտի ուրախությունից դեմքը ծաղկում է» (Առակաց 15:13)։
Աստվածաշնչյան այս տողը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց անփոխարինելի ճշմարտություն, մեր արտաքինն ու ներաշխարհն անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Մենք կարող ենք ժամեր անցկացնել հայելու առջև՝ փորձելով խնամել մեր արտաքինը կամ թաքցնել հոգնածությունը, բայց կա մի իրական լույս, որը ոչ մի դիմահարդարում չի կարող տալ։ Դա այն ներքին խաղաղությունն է, որը ճառագում է միայն մաքուր ու ներդաշնակ սրտից։
Մեր դեմքը մեր ապրումների քարտեզն է, որտեղ տագնապը, նախանձն ու դառնությունը թողնում են իրենց մռայլ հետքերը, մինչդեռ ներողամտությունն ու սերը հարթում են նույնիսկ ամենախորը կնճիռները։ Իրական պահեցողը նա է, ով ուրախ է իր ներքին դարձի համար, ում հայացքը պարզվում է ներելուց, իսկ դեմքը հանդարտվում է գոհունակությունից։ Այսօր, երբ նայեք հայելուն, հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե ինչ է պատմում ձեր դեմքը ձեր սրտի մասին։ Երբ նայեք հայելուն, մի՛ փնտրեք թերություններ ձեր արտաքինում, այլ փնտրեք այն սերը, որը պետք է ճառագի ձեր աչքերից։
Թող այս Պահքը լինի սիրո հաղթանակը մեր սրտերում, որպեսզի մեր դեմքերը ոչ թե ատելության ստվերներ, այլ սիրո և ներքին ուրախության լուսավոր վկաներ դառնան»,- գրել է Տեր Աբրահամը։





