Search
Close this search box.

Երբ է սպասվում հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ է հրապարակել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնել է, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշել է Ալեքսանյանը։