Երևանում անցկացվող Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ Հայաստանը որպես ԵՄ թեկնածու երկիր պետք է նախ լուծի ներքին խնդիրները։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն Թուրքիայի հետ փակ սահմանը չէ, այլ այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ներսում՝ առօրյա կյանքում։
«Եթե մարդուն դատում են կաշառք ընդունելու համար՝ դա մի բան է, բայց եթե նա դատվում է իր կարծիքի համար, օրինակ՝ սոցիալական ցանցերում գրառման պատճառով, դա մտահոգիչ է։ Զգույշ եղեք։ Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ սկսում եք հետապնդել մարդկանց՝ իրենց կարծիքը արտահայտելու համար»,- նշել է պատգամավորը։
Նաչո Սանչես Ամորը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խոսքի ազատությունը պետք է դառնան Հայաստանի եվրոպական ճանապարհի անբաժան մասը։




