ԵՄ-ն պատրաստ է կանգնել ՀՀ–ի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։