Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։
Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։
Շվեդ պատգամավորը ցավով է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն կիրառել Հայաստանի նկատմամբ։
«Կարծում եմ՝ սա (խմբ․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը) շատ դրական է։ Ցավալիորեն, Բաքուն կրկին ու կրկին շատ ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում Երևանի դեմ։ Ալիևը (խմբ․ Ադրբեջանի նախագահ), կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա»,-շեշտել է շվեդ պատգամավորը:
Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրաձայնվող դժգոհություններին՝ հիշեցնելով, որ հենց ինքը՝ պաշտոնական Բաքուն է հրաժարվել իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայումից։
Պատգամավորը նաև անհեթեթ է համարել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսական կամ հետախուզական աշխատանք է կատարում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։
«Եվրոպական միությունը կնախընտրեր, որ կարողանար աշխատել երկու կողմերում էլ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում), սակայն Բաքուն հրաժարվել է դրանից: Պնդումները, թե առաքելությունում ինչ-որ լրտեսներ են, անհեթեթ են։ Առաքելությունը շատ թափանցիկ է, և նույնիսկ նախապես տեղեկացնում է, թե որտեղ է իրականացնելու պարեկությունը»,-ընդգծել է շվեդ պատգամավորը։
Մեկնաբանելով Բաքվի դժգոհությունները և նման հայտարարությունների իրական նպատակը՝ Էրիկ Հելսբորնը նկատել է․ «Հարցը, որն այս պարագայում պետք է տալ, այն է, թե Բաքուն ի՞նչից է վախենում, վախենում է, որ ԵՄ-ն ի՞նչ կտեսնի»։
Շվեդ պատգամավորը, անդրադառնալով դիտարկմանը, որ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու պահանջին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն սահմանազատված հատվածներից, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն, այդուհանդերձ, Երևանին խորհուրդ է տվել չսահմանափակել դիտորդական առաքելության մանդատը։
«Իհարկե, այս հարցերը որոշում են վարչապետ Փաշինյանն ու Հայաստանի խորհրդարանը, բայց ես խորհուրդ կտայի չսահմանափակել առաքելությունների մանդատը։ Առաքելության անդամները գիտեն, թե ինչ են անում և կարողանում են տեղեկացված որոշում կայացնել, թե որտեղ է պարեկություն իրականացնելու լավագույն վայրը»,-եզրափակել է Էրիկ Հելսբորնը: