«ՀայաՔվե» նախաձեռնությունը, ուսումնասիրելով հակաեկեղեցական արշավը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք փաստաթղթավորել են վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ու իրավական գնահատական տվել դրանց։
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք սկսել են կազմակերպված գրոհ հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասաց Չալաբյանը։
Իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավն ուսումնասիրելով` նրանք պարզել են, որ այն վերաբերում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքներին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, պաշտոնական լիազորությունների չարաշահում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։