Search
Close this search box.

Եղոյանը՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի մասին

Կոնկրետ հանրաքվեն հիմա ժամանակավրեպ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը:

«Բայց եվրաինտեգրման գործընթացն ամբողջ թափով առաջ է գնում եւ ինչ-որ մի փուլում, բնականաբար, հանրաքվեի հերթն էլ է հասնելու, բայց հիմա այդ փուլը չի: Ես ասել եմ, որ կա ճանապարհ եւ մենք այդ ճանապարհով գնում ենք, դու չես կարող առանց ճանապարհի առաջին կիլոմետրը անցնելու երկրորդը անցնես: Եթե շուտ ես ուզում, պետք է ավելի արագ գնաս, բայց չես կարող ճանապարհը բաց թողնելով տեղ հասնես»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե ԵՄ-ն որքանով է պատրաստ իր կազմ ընդունել Հայաստանին, Եղոյանը նկատեց, որ ԵՄ-ն տարբեր ինստիտուտներից է կազմված, օրինակ Եվրախորհրդարանը կողմ է Հայաստանի նման ինտեգրմանը, բայց ասենք, Եվրահանձնաժողովը հարցին նայում է նաև տեխնիկական մակարդակով. «Նայում է, թե արդյոք տվյալ պետությունը ճանապարհի այս մասն անցնել է, որ անցնի նաեւ հաջորդ մասը:

Պետությունը պետք է այդ ճանապարհն անցնի, որ հասնի ինչ-որ մի հանգրվանի, կլինի թեկնածության հանգրվան, կամ անդամակցության հանգրվան: Մեկն այդ ճանապարհն անցել է 4 տարում, դու կարող ես անցնել երկու տարում, բայց չես կարող ճանապարհը բաց թողնել: Իրենք ճանապարհի որոշ հատվածը անցած լինելու պայմանով, կարծում եմ՝ դեմ չեն լինի: Հիմա մենք այդ ճանապարհով գնում ենք»,- ընդգծեց Եղոյանը: