ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է՝ կազմակերպությունը կյանքի կկոչի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրում մրապնդված դրույթը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում են ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում ԵԱՀԿ ՄԽ լուծարելու մասին դրույթում նշված է հետևյալը.
«Մենք նաև ականատես եղանք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ուղղված համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։