Ե՞րբ է Ռուսաստանը ձևակերպելու իր դիրքորոշումը «Թրամփի երթուղու» վերաբերյալ. ՀՀ-ում ՌԴ դեսպանի պարզաբանումը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության անսասան առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է։ Այդ մոտեցմանը համահունչ, մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի։ «Սունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի երթուղուն», Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Մեր տեղեկությամբ, այդ աշխատանքը նոր է մեկնարկում։ Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությանն առնչվող մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը կպահանջեն հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքները, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը՝ հիմնվելով երկկողմ փաստաթղթերի վրա։ Ես միաժամանակ կցանկանայի ավելացնել, որ ռուսական կողմը բաց է այս հարցերի շուրջ խորհրդակցությունների համար ինչպես իր հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ։

Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր երկիրը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմք դրեցին հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերը ոչ միայն դադարեցրին արյունահեղությունը տեղում, այլև սահմանեցին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները, դրանց թվում՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ կապերի զարգացումը»,- ընդգծել է դեսպանը։

Կոպիրկինը հավելել է, որ եռակողմ համաձայնագրերի դրույթներն այսօր էլ չեն կորցրել հրատապությունը։

«Ստորագրությունները համապատասխան հայտարարություններից ղեկավարներից ոչ մեկը հետ չի կանչել: Թե ինչպես են դրանք գործնականում համապատասխանելու 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին, քննարկման առարկա է ներգրավված կողմերի միջև։ Ենթադրում ենք, որ փոխադարձաբար ընդունելի լուծումներ կգտնվեն փոխադարձ համաձայնությամբ և այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային բոլոր գործընկերների, ներառյալ՝ Ռուսաստանի և Իրանի շահերը, որոնք ակտիվորեն համագործակցում են ԵԱՏՄ-ի շրջանակում»,- պարզաբանել է դիվանագետը։

Նա հիշեցրել է Հարավային Կովկասի երկրները և նրանց անմիջական հարևաններին ներառող «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի մասին, հարթակ, որը հնարավորություն է տալիս առարկայական քննարկումներ անցկացնել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։

«Ակնկալում ենք, որ մեր հայ և ադրբեջանցի գործընկերները շուտով կորոշեն, թե ինչ հերթականությամբ են անցկացնելու հաջորդ հանդիպումն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով՝ տվյալ ձևաչափով»,- նշել է Կոպիրկինը։

Ըստ դիվանագետի՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելն ակնհայտորեն անիմաստ ձեռնարկ է։

«Ո՛չ աշխարհագրությունը, ո՛չ ընդհանուր պատմությունը, ո՛չ էլ Ռուսաստանի բազմակողմանի կապերի ծավալը Անդրկովկասյան պետությունների հետ դա թույլ չեն տա։ Ընդսմին, որոշ արտաքին խաղացողներ նման անհեթեթ գաղափարներ են արտահայտում՝ միայն բացահայտելով իրենց սեփական ձգտումները և տարածաշրջանային իրողությունների թույլ ըմբռնումը։

Կրկնում եմ՝ Ռուսաստանի անբաժանելի կապը Հարավային Կովկասի հետ կանխորոշում է մեր կենսական շահագրգռվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության, նրա բարգավաճման և տրանսպորտային ներուժի ազատագրման հարցում»,- եզրափակել է Կոպիրկինը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։