Մենք տեսել ենք ձեր բանակցությունների հետեւանքը, տեսել ենք ձեզ անվտնգության երաշխավորի կարգավիճակում, դրանից էլ բխում են մեր մտահոգությունները եւ պատկերացումները, թե ինչ է մեզ սպասվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հիմա այս ամբիոնից լուրջ դեմքով խոսում ենք խաղաղության փաստաթղթից այնպես, ոնց որ այդ ամենը իսկապես կա: Լո՞ւրջ եք ասում: Այսօր Ադրբեջանի հետ քննարկվում է միակողմանի զիջումների փաստաթուղթ, որը ամրագրում է այն, ինչ զիջել ենք մինչ այս պահը, դուռ չի փակում Ադրբեջանի նոր պահանջների համար»,-ասաց նա:
Վարդանյանը թվարկեց, թե ինչ զիջումներ է արել Հայաստանը 2020-ի պատերազմից ի վեր, ապա հարց ուղղեց. «Ադրբեջանն ի՞նչ է զիջում: Ոչինչ չի զջում, միակողմանի զիջումներ են, չկա բանակցություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դուք ասացիք, որ մենք Սյունիքից զորք ենք հետ քաշել: Մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել: Երբ դուք այն տարածքը, որտեղից զորք է հետ քաշվել, անվանում եք Սյունիք, դուք դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի՝ Արեւմտյան Զանգեզուր:
Դուք խոսում եք Տավուշում զորք հետ քաշելու մասին, մենք Տավուշից զորք հետ չենք քաշել: Դուք հարցնում եք՝ խաղաղություն լո՞ւրջ եք ասում: Ես ասում եմ՝ այո, լուրջ եմ ասում, որ ձեր կողքի նստած ընկերը եւ ոչ միայն ինքը, Կիրանցի համար ապոկալիպսիս էր կանխատեսում, այո, Կիրանցում այսօր կա խաղաղություն: Դուք էիք ասում՝ Կիրանցի դպրոցը չի լինելու, Կիրանցը չի լինելու, Կիրանցում ճանապարհ չկա, կենսգործունեությունը խաթարված է, եկեղեցին մզկիթ է դառնալու: Ձեր ասած ստերի համար ո՞վ է պատասխան տալու: Գնացեք ցույց տվեք մզկիթ դարձած եկեղեցին: Գնացեք նայեք, Կիրանցում երեխեքը դպրոց գնում են, թե ոչ, Կիրանցի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե ոչ»:
Փաշինյանը կոչ արեց դուրս գալ մտածողությունից, որ Հայաստանը հաղթեց, Ադրբեջանը պարտվեց կամ հակառակը. «Այն, ինչ անում ենք, մեր արածի ֆոկուսը Ադրբեջանը չի, որ Ադրբեջանը զիջի կամ չզիջի: Մեր արածի ֆոկուսը ՀՀ-ն է եւ նրա պետական շահերը: Մենք ինչ անում ենք, անում ենք հանուն ՀՀ պետական շահերի՝ անկախ նրանից որեւէ մեկը որեւէ բան զիջում է, թե ոչ: Մեր նպատակն էն չի, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն էն է, որ մենք ՀՀ ինքնիշխանությունը, զարգացումը, պետության հարատեւությունը ապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քրիստինե Վարդանյանն նկատեց, որ 4 տարվա ընթացքում իրենք ինչ ասել են, տառացիորեն տեղի է ունեցել. «Արցախն է աչքիս առաջ, տեսնում եմ՝ այնտեղ ինչ է կատարվել ու ինչ վտանգների մասին էինք զգուշացնում: Նույնը հիմա Կիրանցում է կատարվում: Երեխաները 50 մետրի վրա են ադրբեջանական զորքերից: Դա՞ էր ձեր երազած Կիրանցը: Ես գիտեմ, որ միակ տեղը, որտեղից դուք զորքերը երբեք հետ չեք քաշի, դա կառավարության շենքն է»:
Փաշինյանն արձագանքեց. «Երբ կառավարության շենքի մասին խոսում եք, ձեր նարատիվներով խոսողներն էին, որ դիրքեր գրոհելու փոխարեն ՀՀ կառավարության շենքն էին գրոհում: Երկրորդը, իմ եւ ձեր ասածի տարբերությունն այն է, որ դուք քնում, արթնանում եք, մտածում եք՝ Ադրբեջանն ինչ զիջեց: Ես քնում, արթնանում եմ, մտածում եմ՝ Հայաստանն ինչ շահեց:
Հայաստանը 2018-ից ու 2020-ից հետո շահեց ինքնիշխանություն, շահեց անկախություն, պետականություն եւ այդպես շարունակ: Հայաստանը շահեց որպես պետություն լինելու շանս: Ես դրանում համոզված եմ»: