Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան

Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէին։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին ՀՀ 4 ղեկավարներին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և 2020 թվականի աղետը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի 12-ի արդյունքը։

«Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգույշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, և ասեմ նաև, ինձանից հետո ևս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր, բայց ես Ձեզ մոտավորապես բացատրեցի։ Ռուսերեն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնը շինարարությունը, երբ որ հին շենք են քանդում, ընդամենը մի ծանր գունդ են կապում, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես, կամ բանակ ունես կիսով չափ, մի կեսի կեսով չափ։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է, բառացիորեն։ Խաղաղությունը անվտանգության պրոդուկտ է, ո՞նց կարող է գործիք լինել։ Դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղությունը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա Դուք երբեք չեք գնա, չէ՞, բժիշկի մոտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի։ Ո՛չ քշել գիտի, ո՛չ ուղղությունը գիտի, ո՛չ տորմուզի տեղը գիտի, ո՛չ էլ մյուսի տեղը գիտի։ Նստած գնում եք, ուռա ենք անում։ Ես շատ եմ ուզում, և ինձ համար հետևյալ բանաձևը կասեի՝ ունենալ տենց ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում»,- ասել է Քոչարյանը:

Որպես օրինակ, Քոչարյանը նշել է Ուկրաինան. անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել. «Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է՝ բոլորը մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ․-ին։ Մի քիչ երկար ստացվեց, որովհետև ֆունդամենտալ հարց է։ Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չեք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60 %-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24 % էր։ Հիմա 6-7 % է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60 %։ Դուք չեք հասկանո՞ւմ, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդ չափի անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»։

Քոչարյանը նշել է նաեւ, որ չի կարծում հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ. «Ես սա եմ տեսնում, բայց անվտանգության գոտի դժվար է պատկերացնել և իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաև որոշակի ներկայություն։ Այդ ներկայությունը ինչքան մեծ, այնքան լավ, և սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախված, թե՝ դու ինչի ես հասնում։ Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թե՞ չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղյակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինի միջազգային հարաբերություններում։ Սա ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։