ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանապարհ եք կառուցում Ադրբեջանին հանձնելո՞ւ համար. Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին

2024 թվականի նոյեմբերի վերջին կառավարությունը որոշում ընդունեց, որով ձմռանը պարտադիր է դառնում բացառապես ձմեռային ավատողերով երթևեկությունը և քաղաքացիներին տվեց ռեկորդային կարճ ժամանակ այդ որոշումն իրագործելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Դեկտեմբերի կեսից արդեն դա պետք է իրագործվեր։ Դուք ի՞նչ ձևով եք ապահովել այդ որոշման իրականացումը, հատկապես հանրային սուբյեկտների կողմից, մասնավորապես «Երևանի տրանսպորտի» կողմից, որովհետև փետրվարին ընդամենը մեկ օր ձյուն եկավ Երևանում և երթևեկությունը պարալիզացվեց, ավտոբուսները կանգնեցին, որովհետև Երևանի քաղաքապետարանը չէր փոխել անվադողերը ձմեռային անվադողերի»,-ասաց նա՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:

Նա շարունակեց. «Այ օրինակ, դուք որոշումներ կայացնելուց առաջ ընդհանրապես նախնական քննարկո՞ւմ եք, թ՞ե տեղյակ չեք լինում, որ հնարավոր է ձմեռը ձյուն գա։ Երկրորդը, Դուք ներկայացնում եք մի կառավարություն, որի գործողությունների հետևանքով թշնամուն է հանձնվել հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ։ Քիչ առաջ դուք վիճակագրություն էիք ներկայացնում, թե քանի կիլոմետր ճանապարհներ են վերանորոգվել, կահավորվել, գծանշվել և այլն։ Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե ձեր կառավարման շրջանում 2020 թվականից հետո քանի կիլոմետր ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն։

Եվ երրորդը, դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում մի կառավարությունում, որի ղեկավարը, վարչապետը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-70%-ը ունի ադրբեջանական պատկանելիություն։ Հիմա դուք ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելիս դա հաշվի առնում եք, այսինքն դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելու համար, թե մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Ի պատասխան փոխնախարար Ղալեչյանն ասաց. «ձմեռային ավադողների պահանջը սահմանելիս, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել էին վերջին տարիների եղանակային պայմանները, միջազգային փորձը: Ասեմ, որ այդ պահանջը նաև սահմանված էր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում: Դա դարձրեցինք երթևեկության պարտադիր կանոն։ Անկախ այդ կանոնի երթևեկության պարտադիրությունից յուրաքանչյուր տարի ձմեռվա ամիսներին, կարծեմ ցանկացած վարորդի համար նորմալ է ձմեռը երթևեկել ձմեռային անվադողերով: Հաշվի առնելով այն անվտանգության ռիսկերը, որոնք առաջանում են, մենք դա ամրագրեցինք որպես պարտադիր կանոն: Դրա հետ կապված շրջանառվել է կառավարության որոշման նախագիծը բոլոր շահագրգիռ մարմինների հետ: Ասեմ, որ արդեն այս տարի շատ դրական միտում է տեղի ունեցել ձմեռային ավադողերով երթեւեկելու հետ կապված:

Ինչ վերաբերում է նմրան, որ ավտոբուսները չեն փոխել անվադողերը հաշվի առնելով, որ քաղաքապետարանի գործընկերները այստեղ են, մեկնաբանությունը կթողնեմ իրենց: Դա համընդհանուր պարտադիր պահանջ է ամբողջ Հայաստանի համար:

Երկրորդ հարցի հետ կապված, մենք ծրագրերը իրականացնում ենք ճանապարհների անվանացանկով՝ կառավարության որոշմամբ է սահմանված: Այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս։ Ուրիշ մեկնաբանություն ես չունեմ»:

Էդգար Ղազարյանն արձագանքեց. «Ցավում եմ, որ խուսափում եք հարցերին պատասխանելուց: Սա ոնց որ այս կառավարության բոլոր ներկայացուցիչների գործելաոճն է։ Ձեր անվանացանկի մեջ ներառվա՞ծ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, և դուք այսօր կարո՞ղ եք այս լսումներից հետո անվտանգ երթևեկել միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածով»:

Փոխնախարարը խպատասխանեց. «Ես կերթևեկեն այն ճանապարհով, որը ներառված է ճանապարհների անվանացանկում, դա M2 միջպետական ճանապարհն է, որը գնում է Տաթևով մինչև Ագարակ»:

Լսումները վարող Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Ճանապարհների ցանկի մեջ նշված չեն պաշտպանական և անվտանգային բնույթի այն հսկայական կատարված աշխատանքները, որոնք վերաբերվում են միշտ դիրքային ճանապարհներին, որոնք իրենց որակով չեն զիջում նաև միջպետական մեր մայրուղիներին: Դրանք հարյուրավոր կիլոմետրեր են, պարոն Ղազարյան: Ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, որ այն ինչ որ ուղղված է երկրի անվտանգությանը, այնտեղ էլ կան կառուցված ճանապարհներ, որոնք ապագայում էլ կծառայեն անվտանգ երթևեկության համար, բայց այսօր նրանք բացառապես անվտանգության կարիքների նպաստող կառույցներ են, իսկ որ դրանք կառուցվում են նաև մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը ավելի ամրապնդելու համար, դա էլ է փաստ»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։