Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել, 1 հեծանիվը ձեռք է բերվել 113 հազար դրամով։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցների համար ձեռք բերված հեծանիվների թեմային։
«Երեք անգամ մրցույթ է հայտարարվել, մասնակցել է վեց տարբեր կազմակերպություն։ Մրցակցային գին էր, և 1 հեծանիվը ձեռք է բերվել 113 հազար դրամով»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այդ հեծանիվների պարամետրերին ծանոթանալով կարելի է ասել, որ այն շատ լավ գին է։
«Որակական պայմաններն արդեն փորձարկել ենք, հեծանվավազքի մրցույթն արդեն տեղի ունեցավ, և այդ իմաստով սա հաջողված մրցույթներից է, երբ գին-որակ հարաբերակցության պարագայում իսկապես արդյունավետ գնում ենք արել»,- հավելել է Անդրեասյանը։