Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը մեկ օրում շուկայականից ցածր գներով 2 հողամաս է ծախել Երևանի բնակչին։
Հայաստանում կոռուպցիա որոնող ու չգտնող Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան Դիլիջան քաղաքում արդեն երկրորդ օբյեկտն է կառուցում։ Տավուշի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը հողամաս է գնել Դիլիջանում։ Բանը հասել է նրան, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը Երևանի բնակչին մի օրում, շուկայականից շատ ցածր գներով միանգամից երկու հողամաս է վաճառել։ Դավիթ Սարգսյանի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 131․1քմ հողամաս /Լոտ-106 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/2 հասցեում հասարակական կառուցապատման նպատակով, 917700 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 917700 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 23-ին որոշել է 131․1քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով 917700 դրամով օտարել Երևանի բնակիչ Արթուր Խաչատրյանին: Նույն օրը` հունվարի 23-ին Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեի 240․8քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով, 1685600 դրամով օտարել Երևան բնակիչ, նույն Արթուր Խաչատրյանին։
Հավելեմ, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։ Աճուրդին նույն մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով»: