Search
Close this search box.

Դե ինչ, Ասադը վերջը, Սիրիայի կյանքում ասադյան դարաշրջանն ավարտվեց. ի՞նչ կլինի հետո. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջւոմ գրում է.

Ասադին գցելու գործում առաջնայինը ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐՆ ԷԻՆ, սակայն, ըստ իս, ամենևին էլ այնպես չի լինի, որ Սիրիան լրիվ կմնա նրանց կամ, այսպես ասենք՝ աշխարհի ուժեղները ԱՅՆ ԿԹՈՂՆԵՆ Անկարայի այս բաշիբոզուկներին: Հյուսիս-արևմտյան Սիրիան կմնա սրանց, գոնե առայժմ դա չի քննարկվում և պատահական չէ, որ արդեն այսօր Հալեպում թուրքական կանոնավոր բանակային ուժեր են նկատվել, սակայն Հարավային, իսկ մասսամբ էլ Կենտրոնական Սիրիան ԱՐԱԲՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼ: Այստեղ բնակչության ճնշող մեծամասնությունը Ասադներից հոգնած արաբներ են, որոնք կամ չպայքարեցին, կամ էլ, այսպես ասենք, լուռ կերպով թույլ տվեցին, որ թուրքմենները հաշիվ տեսնեն Բաշարի հետ, սակայն հետագայում, երբ ժամանակ անցնի և կրքերը հանդարտվեն, արաբները ոչ մի հիմք չեն տեսնի ԵՆԹԱՐԿՎԵԼ իրենց համեմատ փոքրամասնություն կազմող թուրքմենական իշխող վերնախավին: Միակ հնարքը, որն այս պայմաններում թույլ կտար թուրքմեններին ամրանալ տեղում, դա տեղի արաբ բնակչության շահերը ներկայացնելն էր, սակայն դա էլ բացառվում է, քանի որ այս բաշիբոզուկները սնվում են Անկարայից և Էրդողանի ռեժիմը դա ոչ մի կերպ թույլ չի տա: Արդյունքում՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ Սիրիայում կիշխեն տեղի՝ Դերայից, ելած ապստամբ արաբները, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ Սիրիան կմնա որպես բուֆերային գոտի, իսկ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Սիրիայում էլ, գոնե առժամանակ, տիրություն կանի Անկարան՝ իր բաշիբոզուկների հետ միասին: Ռուսները կփորձեն մնալ ծովափին, սակայն, ամենայն հավանականությամբ, ի վերջո նրանք կլքեն այդ բազաները:

Առանձին թեմա են ՔՐԴԵՐԸ և, ըստ իս, Էրդողանի համար ամենամեծ խնդիրը առաջանալու է հենց այստեղ: Քրդերն իշխում են Եփրատից արևելք ձգվող Սիրիայի ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ և նրանք ոչ միայն չեն ենթարկվի թուրքմեններին ու Էրդողանին, այլև ատամներով կպաշտպանեն իրենց այս կիսաանկախ դրությունը, ընդ որում, եթե Սիրիայի կենտրոնական իշխանությունը վերանա, իսկ ամեն ինչ հենց դրան է տանում, ապա նույն այդ քրդերի համար առաջնակարգ հնարավորություն կառաջանա խոսել արդեն ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մասին՝ «Չկա Սիրիան, մենք իշխում ենք այստեղ, ճանաչեք մեզ» սկզբունքով: Այս հարցում քրդերին ամենայն եռանդով կաջակցեն ԱՄՆ-ից և սա խնդիրների լուրջ աղբյուր կդառնա Թուրքիայի համար: Թուրքմենները վերջին օրերին փորձեցին գնալ քրդերի կենտրոն Մեմբիջի վրա, սակայն մի կողմից դա չստացվեց, իսկ մյուս կողմից էլ Էրդողանը երևի վախեցավ բզբզել ամերիկամետ քրդերին: Իսկ զենք քրդերին ամերիկացիք կտան, չեն խնայի:

Սա Թուրքիայի համար ԽՆԴԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ, քանի որ հենց սահմանից անդին՝ հարավում, քրդական անկախ պետության առաջացումը լրջորեն կապակայունացնի դրությունը Թուրքիայի արևելքում՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ: Եթե աշխարհի ուժեղները որոշել են փառասեր և օսմանյան մեծ նպատակների ձգտող Էրդողանին առնվազն դաս տալ, իսկ առավելագույնն էլ՝ գցել Պուտինի օրը, ի դեմս Ուկրանիայի, ապա Թուրքիայի համար, հնարավոր է, բարդ օրեր սկսվեն…