ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակիցները՝ ավտոբուսի վարորդները, երեկ վաղ առավոտից գործադուլ են իրականացրել՝ դժգոհություն հայտնելով աշխատանքային պայմաններից, աշխատավարձերից:
Քաղաքապետարանից հայտարարել էին, որ վարորդների պահանջները անտրամաբանական են եւ որ նրանք խոսում են շանտաժի լեզվով: 32 վարորդ ազատվել է աշխատանքից, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել վարորդների գործողությունները։
«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- պարզաբանել էր Գրիգորյանը։