Գլխավոր դատախազությունը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ–ից։
Հոկտեմբերի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: Հոկտեմբերի 27–ին դատախազությունը հայտնեց, որ հաղորդմանը ընթացք է տրվել։
«Հաղորդումը ստացվել է քննչական կոմիտեում, այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում։ Վարույթ նախաձեռնելու–չնախաձեռնելու հարցը դեռ պարզ չէ»,– հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:




