«Դատապարտո՞ւմ եք կնոջը գիշերազգեստով և հողաթափերով բերման ենթարկելը»․ Ագնեսա Խամոյանը՝ Անահիտ Մանասյանին

«Որքանո՞վ է օրինաչափ, իրավաչափ, որքանո՞վ է բարոյական, որ քաղաքացուն, այս դեպքում կնոջը բերման են ենթարկել գիշերազգեստով և հողաթափերով»,- ԱԺ հերթական նիստի ժամանակ անդրադառնալով լրագրող Լիլիթ Աղեկյանի ձերբակալմանը և դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հարցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով՝ թե ո՞ր իրավունքի իրացման նորմերի շրջանակներում է դա տեղավորվում։

«Ես՝ որպես ՄԻՊ, ճիշտ չեմ համարում այն իրավիճակում, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա և տեղի չի ունենում անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, անձին ազատությունից զրկելը տնային հագուստով, գիշերազգեստով և հողաթափերով։

ՀՀ ՄԻՊ-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, հանրային գործիչներին, ԶԼՄ-ներին, որոնք, ըստ նրա, զգայունության կոնտեքստից դուրս հրապարակումներ են անում, կոչ արեց ցուցաբերել պատշաճ զգայունություն՝ ընդգծելով․ «Վատ վերաբերմունքի կանխարգելումը ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե անձն ինչ արարք է կատարել: Նույնիսկ ամենածանր արարք կատարած անձը պետք է զերծ լինի նրանից, որ իր նկատմամբ դրսևորվի որևէ տեսակի վատ վերաբերմունք»։

«Նշված գործի հետ կապված՝ թե՛ մենք տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել, զրուցել, թե՛ ես՝ ինքս, Գյումրիում անձամբ հարազատների հետ եմ զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են: Ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր մտահոգությունների և բողոքների հետ կապված, որովհետև եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման վերաբերյալ, դրանք առաջին հերթին, այո՛, պետք է արժանանան պատշաճ գնահատականի՝ մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով»,- նշեց Մանասյանը:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ օմբուդսմենը կդատապարտի՞ տեղի ունեցածը, Մանասյանը նախ նշեց, որ գրավոր ձևաչափով պաշտոնական պարզաբանումներ են պահանջել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է կարողանան լսել բոլոր կողմերին, ապա հավելեց. «Ես ճիշտ չեմ համարում կնոջը հնարավորություն չտալը՝ փոխելու տնային հագուստը, որը, ըստ նրա, օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ, նաև հողաթափերը, և այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր․․․ Ամեն մեկս ունի խոսելու իր ոճը, բնականաբար, եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։