Search
Close this search box.

Դասընթացներ՝ միտված մատաղ սերնդի հայրենաճանաչության և հայրենատիրության բարձրացմանը

Մի խումբ երիտասարդներ՝ մտահոգված լինելով Հայրենիքի ապագայով և նպատակ ունենալով հայրենաճանաչ, գիտակից, ազգային կրթությունն ու մշակույթը գնահատող սերունդ կրթել, ունենալ ազգային շահն առաջ տանող երիտասարդություն՝ նպատակ են դրել կազմակերպել և անցկացնել այնպիսի դասընթացներ, որոնք կնպաստեն մատաղ սերնդի մոտ հայրենաճանաչության և հայրենատիրության բարձրացմանը։ Առաջին դասընթացը Հայքի շառավիղներ անվանումն է կրելու։

-Քանի որ չի եղել նմանատիպ ոչ մի նախաձեռնություն, որտեղ ինտենսիվ ազգային կրթություն կլինի, խնդրել ենք մեր ավագ գործընկեր, «Բարձունք» կրթական շարժման համահիմնադիրներից Գեղամ Օհանյանին՝ նմանատիպ դասընթաց նախագծելու խնդրանքով։
«Հայքի Շառավիղներ»-ի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք ապրիլ-մայիս ամիսներին, որոնք շարունակվում են առայսօր։ Քաղաքացիական գիտակցության ձևավորման, միևնույն արժեքային համակարգ ունեցող երիտասարդների ակտիվ համայնքի ստեղծման, պատմության և մշակույթի վերաարժևորման, երիտասարդների մեջ արմատների հետ կապի պահպանման և արժևորման նպատակ է հետապնդում մեր կազմակերպության առաջին ծրագիրը,- ասում է դասընթացի կազմակերպիչներից Դավիթը, ով արմատներով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից է։
Դավիթը ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի սան է: Խիստ կարևոր է համարում, որպեսզի երիտասարդությունն իր բաժին պատասխանատվությունը ստանձնի Հայրենիքի ապագայի, շենացման ու հզորացման գործում, և համոզված է, որ դա անհնարին կլինի առանց ազգային կրթության՝ մանավանդ Արցախն ամբողջությամբ բռնի ուժով հայաթափումից հետո սրացել է այդ խնդիրն ու նրա կարևորությունը։

«Հայքի Շառավիղներ» դասընթացի համար ֆեյսբուք սոցիալական հարթակում համապատասխան էջ է բացվել։ Դիմորդների հավաքագրումն ընթացքի մեջ է։ Գրանցման համար հարթակը բաց կլինի մինչև նոյեմբերի վերջը։ Դասընթացներն անվճար են՝ նախատեսված 16-25 տարեկան երիտասարդների համար։
-Դասընթացը նախատեսված է ակտիվ ու հայրենատիրության ձգտում ունեցող երիտասարդների համար, ովքեր պատրաստ են իրենց համայնքներում նորամուծություններ մտցնել, այն ուժեղ կողմերից ներկայացնելու, նպաստելու դրանց համաչափ զարգացմանը՝ չմոռանալով իրենց ակունքները։ Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են պատմություն — պատմական հայրենիք, քաղաքական միտք, ազգային մշակույթ, իրավունք, փիլիսոփայություն-գաղափարաբանություն առարկաները, լինելու են հետաքրքիր փաստահեն քննարկումներ։
Կազմակերպիչները՝ բացի ոլորտին գիտակ մասնագետների հետ ծրագրային նյութի փոխանցումից, մասնակիցների համար նախատեսում են արշավներ, ճամբարներ և ճանաչողական այցեր կազմակերպել՝ դեպի հայաստանի պատմամշակութային վայրեր: Ինչպես նշում է զրուցակիցս՝ դասընթացի առանձնահատկություններից է, որպեսզի մասնակիցները լինեն արմատներով Հայքի հետևյալ բնակավայրերից՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր Սյունիք, Երևան, Շուշի, Ստեփանակերտ, Շահումյան, Մարտունի, Ասկերան, Հադրութ, Մարտակերտ, Ջավախք, Գարդմանք, Կարս, Սուրմալու–Իգդիր, Նախիջևան, Կարին, Ալաշկերտ, Բայազետ, Մուշ, Սասուն, Վան, Խոյ, Մակու։

— Քննությունն անցնելուց հետո ամեն մի մասնակցի լիազորվելու է լինել իր բնակավայրի ներկայացուցիչն ու պատասխանատուն։ Այս մեթոդով դասընթացի կազմակերպումը նպատակ ունի մարդկանց կապել իրենց արմատներին՝ վերջիններիս մոտ բարձրացնելով պատասխանատվության զգացումը իր ակունքների նկատմամբ։ Դավիթ Ղազարյանի խոսքերով՝ դիմում հայտը լրացնելուց բացի պարտադիր պայման է նաև բարեհաջող հանձնել կազմակերպիչների կողմից առաջադրված թեմաների հիման վրա հանձնարարված գրավոր աշխատանքները։

-Նշեմ, որ 10 լավագույն արդյունք ցուցաբերած մարզաբնակ մասնակիցներ կստանան ճանապարհածախսը փոխհատուցող կրթաթոշակ։ Դասընթացները կազմակերպվելու են Երևանում, առկա ձևաչափով, մեկ տարի տևողությամբ։ Շաբաթական մեկ հանդիպում ենք ունենալու, որոնք լինելու են բովանդակային առումով հագեցած, հաճախականություն՝ շաբաթական մեկ անգամ (հնարավոր բացառություններով),- հավելում է զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան