Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Տեղում նշված բժշկական կենտրոններում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վիրահարանում:
Մինչ «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Այվազովսկու փողոցից ու արդեն Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և գազային ատրճանակի՝ չկրակված 3 պարկուճ:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Էրեբունու համայնքային և երևանի քրեական ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունները: «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ.-ն, իսկ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն: