Search
Close this search box.

«COP29-ի պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին»․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:

Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:
Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության:
Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։