Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՔՊ-ականներին կոչ է անում չցնցվել Մերձավանի սպանություններից, քանի որ «փողոցում տիրող քաոսը նրանց կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է»։
«Իշխանությունը «ցնցված» է իրենց ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից…
Իզուր եք ցնցվում։ Դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման, ձեր ընդդիմադիրներին ճնշելու գործիքի։ Դուք եք անընդհատ իրավապահ համակարգ «բարեփոխում»՝ դրանից ոչինչ չհասկացող անհասկանալի կերպարների ներգրավմամբ։ Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է։ Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ»,- գրել է Վարոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։