Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից 60 ընտանիք տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ խոսքը հանրակացարանային շենքերի մասին է:
«Այդ շենքերը փլվում են, ես անձամբ այցելել եմ, բնակիչների հետ հանդիպել եմ, և մենք ունենք հինգ ընտանիք, որ ասում են՝ չէ, քիչ է, ինչ-որ բանը քիչ է: Կարա՞նք իմանանք, ի՞նչն է քիչ»,-ասաց նա:
Պարզաբանվեց, որ այդ 5 ընտանիքները դժգոհ են իրենց տրվող բնակմակերեսից, օրինակ մի ընտանիքի իրենց ունեցած 18 քմ-ի դիմաց առարակում են մեկ սենյականոց բնակարան, որի մակերեսն ավելի մեծ է, բայց չեն համաձայնում:
Ավինյանը նկատեց. «Այսինքն, 18 քառակուսի մետր փլվող շենքում բնակվող անձը, որին վստահաբար ավելի շատ քառակուսի մետր տարածքով, մեծ սենյականոց բնակարան է առաջարկում Երևանի քաղաքապետարանը, և այդ մարդը ասում է՝ ոչ, ինձ մի տվե՞ք: Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան, ինչի՞ ենք այդպես շատ մեր կյանքը բարդացնում: Սա մեր բարի կամքի դրսևորում է, հարգելիներս: Սիրելի Արցախի փողոցի չորրորդ նրբանցքի չորրորդ կարգի վթարային շենքերում մնացած այդ հինգ բնակարան, բնակարան ասվածը այդպես շատ բարձրագոչ է, բնակարան չի կարելի կոչել այդ սենյակները։
Հարգելիներս, Երևանի քաղաքապետարանը իր բարի կամքի դրսևորմամբ որոշել է այս խնդիրը լուծել և լուծել է մոտ 60 ընտանիքի հարց։ Եթե հինգի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում և մարդիկ չեն համաձայնում, կարող է պետք չի ստիպել մարդկանց։ Եթե մարդն ուզում է ապրել չորրորդ կարգի վթարային շենքում, որ տանիքը մի օր գլխին պիտի փլվի, ի՞նչ անենք, հոմ զոռով չե՞նք գնալու քարշ տալով իրեն հանենք այնտեղից:
Սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության որևէ լիազորության մեջ չի մտնում, սա մեր բարի կամքի դրսևորումն է:
Ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ մարդիկ, երբ լսում են, որ Երևանի քաղաքապետարանը ինչ-որ մի ծրագիր է ուզում անել, որ հանի իրենց չորրորդ կարգի վթարային շենքերից, մեկ էլ ասում են՝ էդ ա, կպել ա, եկեք, կներեք արտահայտությանս համար, քերենք: Է հետո՞: Չենք տալիս այդ հինգ բնակարաններին, շնորհակալություն, չենք տալիս:
Եթե մարդը ուզում է, որ տանիքը իր գլխին փլվի, մենք ի՞նչ կարող ենք անել, էդ ա ուզում էդ մարդը: Ոչ մի գերակա շահ, իրենք գիտեն, իրենք ոնց ուզում են:
Որտեղից մարդիկ դուրս են եկել, կքանդենք, կգնաք կպլոմբեք էն մյուսները, կպլոմբեք չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը նորից մտել է: Չլինեմ չիմանամ այդպիսի բան»,- հայտարարեց Ավինյանը: