«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար։
Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը։
Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի ու ինքը կարող է դա ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չէր կարող լինել Կաթողիկոս, սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։
Հետևաբար՝ հարց է առաջանում․ Ինչո՞ւ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավական ունենալու հանգամանքը։
Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին։
Եթե ոչ, ուրեմն՝ ինչո՞ւ էր լռում մինչև հիմա։
Պատասխանն ինձ համար շատ պարզ է․ Իշխանության կորստի իրական վտանգը․․․
Ի՞նչ է ստացվում․ Քանի դեռ Եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի էր աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը, բայց սեփական իշխանությունը կորցնելու վախը փոխում է խաղի կանոնները և իշխանությանը մղում հակասահմանադրական քայլերի, ինչը վտանգավոր է․․․
Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում, և Փաշինյանը փորձում է իբրև թե այն կանխել։
Եթե դա այդպես է, Փաշինյանը թող մինչև վերջ ազնիվ գտնվի ժողովրդի հետ ու բացի փակագծերը և փորձի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպե՞ս է ղեկավարել մեր երկիրը, որ անգամ եղեղեցին է իր դեմ։
Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաև մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք աղերսվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը։
Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից․․․
Մի բան ակնհայտ է․ Մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ, ու շատ կարևոր է առաջիկայում արձանագրել, թե ո՞վ է հավակնելու ստանձնելու Նիկոլ Փաշինյանին հիմնական մարտահրավեր նետողի դերը»։