«Լրագրողների հետ զգույշ», «Ասա՛ ներողություն», «Սաղմոս 36» և այլ ցուցապաստառներով լրագրողներն այսօր ԱԺ-ում ակցիա էին իրականացնում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դեմ։
ԱԺ-ում պատգամավորի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցից առաջ պահանջում էին պատգամավորից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից՝ նրան վիրավորելու համար։
Հռիփսիմե Ջեբեջյանը նշեց՝ թեև քիչ անց քննարկվելու է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, բայց ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է հանձնաժողով չստեղծելու մասին․ «Այսուհետ Անդանիկ Քոչարյանի վարքի պատասխանատուն ՔՊ խմբակցությունն է»։
Նշենք, որ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին արգելել էր մյուս լրագրողների հետ իր կողքին կանգնել, հարցազրույց վերցնել իրենից՝ ասելով. «Ինձանից հեռու կանգնե՛ք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները»:
Ավելի ուշ պարզաբանել էր, թե Սաղմոսից է ցիտել, թե Բագրատ Սրբազանին է մեջբերել՝ մանիպուլացնելով Սրբազանի ասած խոսքը՝ սատանաների մասին:
Նիստին շտապող պատգամավոր Անդանիկ Քոչարյանը լրագրողներին հորդորեց չշտապել. «Նիստ է լինելու, ինչո՞ւ եք շտապում»։ Երբ լրագրողները հարցրին՝ արդյո՞ք նա չի ցանկանում ներողություն խնդրել, Քոչարյանը պատասխանեց. «Ձեր սիրելի հոգևորականը խնդրե՞լ է»։