Search
Close this search box.

Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կոշտ հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհիշի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցելու մասին
«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հայ առաջնորդների՝ Եվրամիության հետ սերտանալու մտադրության լույսի ներքո` կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ–ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով և զենքով: ԵՄ–ի ուսերին ուկրաինական հիանալի փորձն է»,– ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել։

Հիշեցնենք նաև` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։

Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։