Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 28.11.2025թ. ներկայացրած հարցմանն ի պատասխան ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։
Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով փախչել Չեչնիայում ընտանիքի անդամների կողմից տարիներ շարունակ կիրառվող բռնություններից։ Կազմակերպության աջակցությամբ նա կարողացել էր տեղափոխվել Հայաստան, որտեղ ՀՔԱՎ-ի փաստաբաններն ապահովել էին նրա անվտանգ տեղափոխումն ու նախապես որոշված կեցավայրը։
2025թ․ հոկտեմբերի 17-ին Այշատ Բայմուրադովան դուրս էր եկել բնակարանից և չէր վերադարձել, իսկ հոկտեմբերի 19-ին նրա դին հայտնաբերվել էր Երևանի Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկում։
Հաշվի առնելով դեպքի նախապատմությունը և առկա բարձր ռիսկերը՝ ՀՔԱՎ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու, բերման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ ապահովելով գործի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ քննություն։




