Օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ տրամադրել ճանապարհներ․ «Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները»,- նշել էր նա։
Լրագրողներն ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից փորձել են մանրամասներ ճշտել ասվածի վերաբերյալ։ Հարցին՝ պահնորդական մասնավոր կազմակերպությունը հայկակա՞ն է լինելու, թե՞ արտասահմանյան, արդյո՞ք մեր սահմանապահն ու մաքսավորն են կանգնելու այդ ճանապարհին, Սաֆարյանը պատասխանել է․ «Այդպիսի հայտարարություն չեմ հիշում։ Վարչապետը միայն ասել է, որ նման բան հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի՝ կհաղորդենք։
Անգամ եթե մասնավոր կազմակերպությունը սպասարկի այդ ճանապարհը, իհարկե մեր սահմանապահն ու մաքսավորը կանգնելու են։ Առայժմ դետալներ չկան, խոսվել է միայն հնարավորության մասին»,- նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի՝ հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։