Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանի Բաժանմունիք վարիչ Կարեն Տոնոյանը՝ անդրադառնալով Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին։
«Առաջին պացիենտը, որ տեղափոխվել է, վիճակը գնահատվել է ծանր, անկայուն, անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Այս պահին վիրահատությունն ավարտվել է, վիճակը համեմատաբար կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Մյուս երկու պացիենտները տեղափոխվել են հիվանդանոցի ընդունարան, որտեղ հետազոտվելուց հետո նրանց վիճակը եւս գնահատվել է ծանր, տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք հետագա հսկողության։
Այսօր նրանք կանցկացնեն վերակենդանացման բաժանմունքում, վիճակներից կախված արդեն համապատասխան հետագայում պլանային կարգով հետազոտությունները, միջամտությունները կարվեն»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն: Կան անհետ կորածներ։
Պայթյունի դեպքով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: