Նոյեմբերի 24-ին, ժամը 11։00-ի դրությամբ, Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են. աշխատանքներին մասնակցում է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել է 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 չվերթ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։
Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել։
Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։




