«Երկրապահն» էլի կմնա սահմաններում, մինչև մեր բանակը հզորանա, մենք միշտ եղել ենք մեր բանակի, զինվորի կողքին և այսօր էլ ենք լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է վերաբերվում զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին կառավարության որոշմանը։
«Ընդհանուր չեմ կարող գնահատական տալ, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ժողովրդի մեծամասնությունը կողմ է, մարդիկ կան՝ դեմ են։ Պետք է առողջ երեխաներ զորակոչվեն բանակ, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Այսօր, ցավոք, մեր երիտասարդությունը հիվանդ է, մեծամասնությունն ազատվում է ծառայությունից։ Պրոֆեսիոնալ բանակը կկայանա թե՛ 1.5 տարվա, թե 2 տարվա դեպքում էլ։ Հիմնականում զորահավաքներ կլինեն, մարդիկ դիրքերում ծառայություն կտանեն։ Դա արվում է այսօր բանակի կողմից և շատ ողջունելի է։
Չեմ կարծում, թե թվակազմի կրճատումը վտանգ կառաջացնի, ավելի լավ է մարտունակ զինվոր ունենանք, քան՝ թիվ լինի։ Որակ է պետք։ Համոզված եմ, որ մեր բանակը գնում է որակի վրա»,-ասաց Սասուն Միքայելյանը։




