Փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «Գյումրիից նոր մեղադրանք է եկել Աբովյան քրեակատարողական հիմնարկ։
Այսօր` 2025 թվականի մայիսի 16-ին, Լիլիթ Աղեկյանի շինծու գործը նոր ընթացք է ստանում։
Աբովյան քրեակատարողական հիմնարկ նոր մեղադրանք է բերվել, որով ցանկանում են երկարաձգել Լիլիթ Աղեկյանի կալանավորումը, քանի որ նախորդ մեղադրանքն անհիմն է և հնարավոր չէ դա երկարաձգել։
Ամբողջ ֆարսն այն է, որ այս նոր մեղադրանքի շրջանակներում ևս ընդգրկվում է հանրային պաշտպան, առանց Լիլիթ Աղեկյանի համաձայնության։
Դիմում եմ պետական պատկան մարմիններին՝ պահանջելով պահպանել օրենքի տառը և մարդու ազատ կամարտահայտության իրավունքը։
Պահանջում եմ ներգրավել Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջվող պաշտպանին և թույլատրել պաշտպանին ծանոթանալ գործի մանրամասներին ու տեսակցել իր պաշտպանյալի հետ»։