«Բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են:
Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:
Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»: