Search
Close this search box.

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի օրակարգն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին․ Փաշինյան

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրա օրակարգն ուղղակիորեն վերաբերում է մեր երկրին: Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա համար կարևոր է, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից է ստացել հրավերը և ընդունել այն։ Վաղը` հոկտեմբերի 24–ին, ՀՀ վարչապետը կմեկնի Կազան` մասնակցելու ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի աշխատանքներին։

«Գտնում եմ, որ այնտեղ գտնվելը կարևոր է ՀՀ–ի համար։ Մանավանդ որ ԲՐԻԿՍ–ի ընթացիկ գագաթնաժողովը վերաբերում է Գլոբալ Հարավին, և դա ուղիղ առնչվում է ՀՀ–ին»,– ընդգծեց նա։

Փաշինյանը նաև կարևոր հնարավորություն է համարում գագաթնաժողովին ՀՀ մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար։ Նա վստահեցրեց, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ մինչ այդ մասնակցել է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նիստին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և տարբեր ձևաչափերով ՀՀ իշխանությունների մասնակցությունը թույլ է տալիս ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհում։

Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։