Search
Close this search box.

Բրազիլացու մահվան քննությունը կպարզի՞ եղելությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գրել էինք, որ օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլիացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն, բրազիլացուն առաջարկել են խմել այն։ Հեղուկը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա րոպեներ անց մահացել է։
Տեղեկությունը իրավապահ համակարգում հնարավորինս գաղտնի են պահել՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է պետական կառույցի մասին և մաքսայինի աշխատակիցների գործողություններում հանցակազմ է գծագրվում։

Սակայն տեղեկությունը գաղտնի պահել չստացվեց՝ բրազիլացու մահվան մասին լուրը տարածվեց հոդվածից հետո։ Մեր տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինն օդանավակայանի տեսանկարահանող սարքերի այդ օրվա կրիչներն է առգրավել, որպեսզի պարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և գնահատական տա դեպքին առնչվող անձանց գործողություններին։

Հիշեցնենք՝ գրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Քննչական կոմիտեից մեզ նաև հայտնել էին, որ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,- ասել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: