Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։
Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք դարձնելու իրականություն՝ ի բարօրություն մեր քաղաքացիների և պետությունների։
Ցանկանում եմ ընդգծել, որ համընդհանուր այս արժեքների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանակություն են ունեցել մեր միջպետական հարաբերությունների զարգացման գործում:
Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում նշել, որ մեր երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի մասին են վկայում հաստատված բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու երկկողմ համագործակցության` անխտիր բոլոր ուղղություններով իրականացվող արդյունավետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության։