ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը G7-ի երկրների արտգործնախարարներին հայտարարել է, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ իր աղբյուրներին հղումով։
«Բլինկենը G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի օրը», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են պորտալի աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը պատասխան միջոցներ կձեռնարկեն, սակայն «դեռ պարզ չէ, թե պատասխան հարվածն ինչ ձևով կլինի»։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման հստակ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Բացի այդ, Բլինկենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը: