Արմինե Օհանյանը գում է․
Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու` ռուբիկոնն անցած Փաշինյանն այլեւս չի ուզում դեմոկրատի քողի տակ հանդես գալ եւ օրենքների անգամ ֆորմալ կողմը պահել: Ի՞նչ իմաստ ունի` եթե հանրությունը դեռ դիմանում է, դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, թիմը խելոք ծառայում է, դեռ կարողանում է պահել աթոռը, ինչու չպետք է շարունակի` ավելի հեռուն գնալով: Բոլորը պետք է հասկանան, որ ոչ ոք այս բեսպրեդելի դեպքում ապահովագրված չէ: Ասենք, եթե Սամվել Ալեքսանյանի կինը որոշի հյուր գնալ Սամվել Կարապետյանի կնոջը, որովհետեւ ընտանիքներով են ընկերություն արել, չի բացատվում, որ հաջորդ առավոտյան սկսվի «Երեւան սիթի»-ների եւ «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթացը: Կամ` եթե Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, հանկարծ որոշի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն` բիզնես սոլիդարությունից դրդված, նաեւ երկրի տնտեսությանը հասցվող կործանարար սխալը կանխելու մտադրությամբ, ի՞նչ երաշխիք ունի, որ հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները չեն մտնելու «Սիլ-ինշուրանս» եւ «Հայէկոնոմբանկ»: Կամ` եթե հանկարծ Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ չեն միանում կաթողիկոսի հրաժարականի պահանջներին, ՍԱՏՄ նոր տնօրենն անմիջապես ցուպիկներ կգտնի նրանց արտադրած կաթ ու պանրի մեջ եւ գործարանը կփակի: Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, եւ թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում: Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր «հայտնաբերեն»: Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես հասնի ձեզնից յուրաքանչյուրին: