«Բազմիցս ինձ ուղղվել է հարց՝ համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես պատասխանել եմ՝ ոչ, փոխարենը կենտրոնանում ենք անհատականացնող մեթոդների վրա, այսինքն անձանց անհատականացնող և անահատական մոտեցում ցուցաբերելու ունակ մեթոդների վրա»,- ասուլիսի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Պատժից պայմանական վաղաժամ ազատելու ինստիտուտը հենց այս մեթոդներից է, և մենք բավականին լավ ցուցանիշներ ունենք այս առումով, եթե չեմ սխալվում պատժից պայմանական վաղաժամկետ 2025-ին ազատվել է 170 անձ՝ նախորդող տարվա 138-ի փոխարեն»,- նշել է նախարարը՝ հավելելով․ «Անհատական մոտեցումը ենթադրում է նաև պատժի կրման պայմանների բարելավում՝ անվտանգության գոտիների փոփոխության միջոցով, այսինքն՝ անազատության մեջ գտնվող անձանց դրական վարքագծի պարագայում նրանք հավակնելու են, որպեսզի իրենց անվտանգային գոտիներն ավելի հեշտ և արագ փոփոխվեն։ Այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք»։




