Search
Close this search box.

Բազմաթիվ քաղաքացիներ պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին. Էլեն Մանասերյանը համոզված է՝ հայտարարագրման համակարգի ներդրումն իր նպատակին չի ծառայի

«Քաղաքացիների համոզմամբ, այս ամենն արվում է, որ հետո տուգանքի ենթարկվեն: Բայց նաև այս ամեն ինչի պատճառն այն է, որ քաղաքացիներին չէին պատրաստել այս ամենին»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ «Նորմալ է և արդարացի է քաղաքացիների բողոքը, որովհետև դաշտը դատարկ է, դրա համար լցվեց ապատեղեկատվությամբ: Իրազեկվածության բացը բերում է ցայտնոտի: Սա լրացուցիչ բեռ է աշխատող մարդու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք բազմաթիվ աշխատող աղքատներ: Մարդը պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, ինչի համար պետք է վճարի 3000 դրամ, պիտի անպայման բջջային հեռախոսի մեջ համակարգն ակտիվացնելու համար քարտը փոխի, որն արժի մոտավորապես 500 դրամ, հետո կրկին պետք է վճարի այլ գումարներ: Անկախ նրանից, թե դա 1000 դրամ է, թե՝ 10000 դրամ, աշխատողի համար լրացուցիչ բեռ է: Մարդը չէր նախատեսել իր ծախսերի մեջ այդ 1000 կամ 3000 դրամը: Հաջորդը՝ մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին: Հիմա արդեն գովազդներ կան հաշվապահական ծառայությունների, որոնք 15000 դրամի դիմաց առաջարկում են հայտարարագրել քո եկամուտները: Այսինքն, մենք ցանկացած աշխատողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում»: Էլեն Մանասերյանի կարծիքով հայտարարագրման համակարգի ներդրումն իր նպատակին չի ծառայի։