Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, ամփոփելով մայիսի սկզբից ի վեր տեղի ունեցած աշխատանքներն ու զարգացումները, հայտարարում է՝
1․ Մենք հավատարիմ ենք մնում մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ ընդունված 12 կետանոց պահանջագրին՝ մեր հնարավորությունների սահմաններում քայլ առ քայլ հետամուտ լինելով հրապարակված նպատակների կյանքի կոչմանը:
2․ Հաշվի առնելով ՀՀ-ում ապաստանած Արցախի ժողովրդի ծանր մարդասիրական վիճակը և ՀՀ կառավարության քաղաքականության պատճառով ծայրահեղ աղքատության խորացման և արտագաղթի նոր ալիքի վերահաս վտանգը՝ այս ընթացքում մեր առաջնահերթ ուշադրության ներքո են եղել հատկապես սոցիալական ու բնակարանային ուղղությունները: Այդ առումով, մենք ընդհանրապես բավարարված չենք ՀՀ կառավարության մոտեցումներից ու առաջարկներից:
3․ Ուստի, մենք պատրաստվում ենք շարունակել մեր պայքարը բոլոր հնարավոր ձևերով՝ առաջիկայում կազմակերպելով նաև հանրային քննարկումներ մեր հետագա անելիքների հստակեցման համար:
4․ Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ հանրային շարունակական պայքարի ու Խորհրդի գործունեության շնորհիվ՝ մենք արձանագրել ենք որոշակի էական ձեռքբերումներ, որոնք որոշ չափով բարելավելու են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ծանր սոցիալական վիճակը: Հետևաբար, համառոտ ներկայացնում ենք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մասնագիտական աշխատանքի և այլ ջանքերի արդյունքում գրանցված ձեռքբերումները՝
Ա) Լուծվել է զոհվածների 83 ընտանիքների բնակարանների համար բանկային պարտավորությունների մարման հարցը։ 2023թ. վերջից սկսած՝ ԱՀ կառավարության պարտավորությունների չմարման պատճառով բանկն անհանգստացնում էր ընտանիքներին, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվում էր ստանձնել այդ պարտավորությունը: Մեր հանրային ճնշման և համապատասխան հիմնավորումների ներկայացման արդյունքում այժմ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոստացել են ամբողջապես ստանձնել այդ պարտավորությունները:
Բ) Թեև ՀՀ կառավարությունը կտրականապես հրաժարվում է համակարգային կերպով բարձրացնել բնակարանային ծրագրի աջակցության չափը, սակայն մեր բոլորիս պայքարի արդյունքում կառավարության ներկայացուցիչները խոստացել են բարձրացնել աջակցության չափը 183 բնակավայրերում՝ մեկ անձի համար 3,000,000 դրամից 4,000,000 դրամի: Խոսքը վերաբերում է մոտ 20,000 մեր հայրենակիցների, որոնք այժմ բնակվում են այդ բնակավայրերում։
Գ) Խորհուրդը հասել է նաև այն խոստման, որ կթույլատրվի հավաստագրի գումարով անհատական տուն կառուցել շահառուի կողմից՝ առանց շինարարական կազմակերպության ներգրավման։
Դ) Նախատեսվում է հուլիսի 1-ից վերացնել բնակարանային ծրագրի փուլերը, ինչի արդյունքում ծրագրի բոլոր շահառուները կարող են դիմել հավաստագիր ստանալու և ծրագրից օգտվելու համար։
Ե) Հավաստագիր կտրամադրվի նաև շահառու ընտանիքներում 2025թ. ծնված երեխաներին:
Զ) Խոստացվող փոփոխություններով՝ լրացուցիչ հիփոթեքային վարկի մարման ժամկետը 10 տարուց կդառնա 20 տարի, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին մարել վարկը ոչ թե 10, այլ 20 տարվա ընթացքում՝ համապատասխանաբար ամսական վճարելով ավելի քիչ գումար։
Է) Արդեն շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պետք է վերացվեն արցախցիների վարկային պատմությունների սև ցուցակների հարուցած խոչընդոտները։
Ը) Կընդլայնվի հավաստագրի մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 50%-ի։
Թ) Փոքրակազմ ընտանիքների մասով մեր կողմից ներկայացված մի շարք առաջարկներ ՀՀ կառավարության կողմից չեն ընդունվել։ Փոխարենը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է մշակել հատուկ բնակվարձի լրացուցիչ ծրագիր։ Այդ մոտեցմամբ՝ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել ստանալ բնակվարձ՝ հավաստագրի գումարի չափով։ Այսինքն՝ քաղաքացին ընտրության հնարավորություն ունի՝ կա՛մ օգտագործել հավաստագիրը, կա՛մ դրա գումարի չափով ստանալ ամսական բնակվարձ։
Լուծվել են նաև բնակապահովման ծրագրի շրջանակներում առկա որոշ տեխնիկական հարցեր: Այս ամենի համատեքստում արձանագրում ենք, որ Խորհրդի գործունեությունը որոշակի արդյունքներ է ապահովել մեր ժողովրդի համար, սակայն, մյուս կողմից, մեր մի շարք սկզբունքային առաջարկներ ընդհանրապես չեն ընդունվել, ինչը հանգեցնում է բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի արդյունավետության ու մատչելիության լրջագույն խնդիրների: Իսկ ահա մեր պահանջագրի մնացած կետերը, կարելի է ասել, նույնիսկ քննարկման չեն ենթարկվել ՀՀ կառավարության կողմից՝ ուշադրություն դարձնելով միայն սոցիալական բնույթի պահանջներին:
Այս իրավիճակում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի համար անընդունելի են մեր շատ հայրենակիցների կողմից Խորհրդի թիրախավորման դեպքերը՝ գիտակցելով առկա վիճակի ծանրությունը և ՀՀ կառավարության անընդունելի դիրքորոշումները մեզ վերաբերող հարցերով:
Մենք հորդորում ենք մեր հայրենակիցներին գիտակցել իրավիճակի առանձնահատկությունը և կառուցողական ու ակտիվ կերպով աջակցել Խորհրդի աշխատանքների կատարմանը՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների»: