Search
Close this search box.

«Բարձրաստիճան պաշտոնյաներին հրավեր ուղարկվել է, սպառիչ պատասխան դեռ չունենք»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ Մայր Աթոռում հրավիրվել է ասուլիս։ Արդյո՞ք իշխանությունները հրավիրվել են միջոցառումներին, թե՝ ոչ․ սա ասուլիսի առաջին հարցն էր․ «Իշխանությունների մասնակցության վերաբերյալ հարցն ամենակարևոր հարցը չէ այս ընդհանուր իրադարձությունների մեջ, բայց քանի որ հարցը հնչել է, կպատասխանեմ»,- ասաց Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Մենք հրավերներն ուղղել ենք բարձրաստիճան պաշտոնյաներին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխան չունենք, միայն ԱԺ նախագահի կողմից պատասխան կա, որ չի մասնակցելու։ Ինչո՞ւ ենք հրավիրել։ Մեզ մոտ էլ տարակույսներ եղել են՝ նրանց հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով։ Նրանց հրավիրելու հարցը քննվել է Եկեղեցու բարձր մակարդակով և որոշում է ընդունվել, որ, այո՛, պետք է հրավիրել։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից։ Եկեղեցին շարունակելու է արտահայտել իր մտահոգություննը»,- ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։