ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ զուգահեռ իրականությունում՝ Հայաստանում ամենաանպաշտպանը հենց այդ բարձրագույն արժեքն է։
Օրինակ, բարձրագույն արժեք հանդիսացող մարդը հինգ օր է ասում է՝ իրեն հայհոյել են, խոշտանգել են, ծեծել են և ես հինգ օր է փնտրում եմ պատկան կառույցների արած աշխատանքի մասին տվյալները։
Քրեական վարույթը հարուցվել է, շատ լավ, միաժամանակ ծառայողական քննություն այլևս չի կարող լինել, շատ լավ, և ՆԳՆ-ն էլ անելիք չունի՞։ Բարքե՞ր, կանխե՞լ այդ բարքերը։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք՝ սա միա՞կ դեպքն է այդ բաժնում, թե՞ նորմալ է։ Իրականում, եթե նախկինում կանխված լինեին նմանատիպ դեպքերը, այսօր Ուլուբաբյանի դեպքը չէր լինի, օրինախախտ քաղաքացուն էլ կպատժեն օրենքով, ոչ թե «մշակելով», հետևաբար, պետությանը հետաքրքիր չէ Սահմանադրությունում նշված բարձրագույն արժեքը։
Իհարկե, այստեղ ամենաշատ գործ ունի անելու Մարդու իրավունքների պաշտպանը։ Տեղյակ ենք, որ ՄԻՊ-ը մտահոգվել է, բայց մենք բազմիցս լսել ենք, որ նրան բռնությունը մտահոգում է։ Պետք է սա՛ անել, սա՛ անել, սա՛ անել, այո՛, պե՛տք է։
Այսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։
Շատ լավ, պատկան մարմիններն ընթացակարգեր ունեն, ժամանակատար է և այլն, բայց ՄԻՊ-ը չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Այսինքն, այս պատմության առաջին դեմքի հետ, որին երեկ անգամ Մամիկոնյանց փողոցով քայլող բազմաթիվ քաղաքացիներ են հանդիպել, ՄԻՊ-ը չի հանդիպել։
Պատճառաբանությունը՝ ծանրաբեռնված է, իրեն շատերն են դիմում։ Նախ այստեղ էլ հարցեր կան՝ ովքե՞ր, թոշակն ուշացած քաղաքացին, թե՞ ծեծի ենթարկված քաղաքացին։
Իսկ ի՞նչ է արել այս ընթացքում ՄԻՊ-ը, ում մանդատի առաջնահերթ գործը մարդու իրավունքը պաշտպանելն է։
Վերջին երեք օրում՝ հյուրընկավել է Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրին, Արմենիա ՀԸ «Բարի լույս» ծրագրին, 1in.am-ին է հարցազրույց տվել, Աննա Վարդապետյանի ու Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։
Դե, հասկանալի է, էլ որտեղի՞ց ժամանակ մնա։
Տիգրան Ուլուբաբյանը մարդ է, մեզնից մեկը, Տիգրանը հայ մարդ է, կռված մարդ, իմ, քո, մյուսի համար կռված, ոչ թե արցախցի երեխա է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ։
Այսօր, ըստ իր պաշտպանի հայտնած տվյալների՝ իր հետ է նման դեպք պատահել, վաղը դա կարող պատահել Հայաստանում ապրող յուրաքնաչյուր մարդու հետ, երեկ պատահել է այլ մարդու հետ։ Խնդիրը համակարգային է, խնդիրը Հայաստանում մարդուն չպաշտպանելն է, ավելին՝ անպաշտպան դարձնելն ու ճնշելն է։
Առանց բնութագրելու՝ ով է, որտեղից է, երբ է, նախկին է, ներկա է, ապագա է, ընկալման չափանիշը պետք է լինի մարդը, այն բարձրագույն արժեքը, որին մեր երկիրը չի արժևորում։
Ե՛վ մեղավորը, և՛ անմեղն իրավունքներ ունեն, Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել։ Ե՛վ դրա համար, և՛ ճշմարտության բացահայտման համար, և՛ այդ խոշտանգման մեջ կասկածվող ոստիկանների իրավունքների համար պետք է չլռել, պետք է արդարություն պահանջել, այդտեղ են բոլորիս իրավունքները, Հայաստանում պետք է պաշտպանված լինի ՄԱՐԴՈՒ իրավունքը։
Բեթղեհեմ Արաբյան