Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է՝ հացադուլ է անում։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան:

Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։

«Վիգեն Էուլջեքջյանը, որը 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- նշված է նամակում։

Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի և սիրելիների հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին՝ որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։