Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։
«Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ»,–ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։
«Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։
Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։
Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ»,–նշել է Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած Հայասըանը հայտարարել է Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։
«Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»,–հավելել է նախարարը։