Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։
Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։
«Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին` նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակվել։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», — նշել է փաստաբանը։
Փաստաբանի փոխանցմամբ` Վիգենը նաև հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում. Իրեն տալիս են միայն հաց և թեյ։
«Սա անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը հատկապես անհանգստացնող է՝ հաշվի առնելով նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները», — նշել է փաստաբանը։
Նա ասել է, որ ընտանիքը այս հայտարարությունները ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։
Մինասյանը նշել է, որ Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը և ՄԱԿ-ի` բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։
«Բժշկական օգնությունից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարվելը և անվասայլակից հրաժարվելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար», — նշել է փաստաբանը։
Փաստաբանն ահազանգել է, որ այս ամենը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վիգեն Էուլջեքչյանի կյանքի համար և միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ միջամտել, որ Էուլջեքչյանի համար անհապաղ ապահովվի անկախ բժշկական զննում, միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի տրամադրում, բավարար սնունդ և անհրաժեշտ դեղորայք։




