Ադրբեջանի արտգործնախարարությունն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք երեկվանից իրենց աջակցությունն են հայտնել Բաքվին՝ Իրանի կողմից անօդաչուներով հարձակման ենթարկվելու կապակցությամբ։
Արտգործնախարարության՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակվել են նաեւ Ադրբեջանին աջակցություն հայտնած երկրների դրոշները, որոնց թվում նաեւ հայկական եռագույնն է։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերված համերաշխությունը եւ մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անքակտելիությանը այս երկրների կողմից աջակցության վերահաստատումը։ Շնորհակալ ենք բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, ովքեր կանգնած են Ադրբեջանի կողքին այս ժամանակներում»,– նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կողմերը մտահոգություն են հայտնել և նշել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։





