Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գրում է․
Մինչ Ալիևը հանդիպում է Էրդողանին, Պուտինին, Սի Ծինպինին, ԵՄ գազ ու նավթ է արտահանում, Արցախում քաղաքներ ու գյուղեր, միջազգային օդանավակայաններ է կառուցում, ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ ներկայացնում ու իր երկրում COP 29 անցկացնում, զուգահեռ իրականության մեջ վարչապետ Փաշինյանը «հեծոշուո» է անցկացնում, տոլմա-խաշլամա խնջույքափարթի է անում, տիկնոջ լոբի մաքրելու նուրբ շարժումներն ու աննորմալ խինդուծիծաղն է լուսաբանում, «լոքշից» տիկ-տոկում ու ֆեյսբուքում է չափչփում, մուսան ու պաթոսն էլ երբ գալիս է, անհոդաբաշխ բառակույտեր է սպրդում, անունն էլ բանաստեղծություն դնում:
Ու մինչ նրա ոտանավորի իրական Հայաստանը դառնում է առասպել, առասպելական Ադրբեջանը դառնում է իրականություն:
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պետք է ասի, որ Ադրբեջանը շուտով հարց է բարձրացնելու, որ Զանգեզուրն ու Սևանը անօրինական են փոխանցվել Հայաստանին։
Որքան էլ աբսուրդ է այն մեզ համար, միևնույնն է, Փաշինյանին պետք է հարցնել, թե հիմա Սյունիքն ու Սևանը մտնու՞մ են իրական Հայաստանի մեջ, թե՞ դրանք էլ են պատմական Հայաստանի մաս։
Ադրբեջանն այսօր պետական մակարդակով հիմն է նաև գրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ու «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ցույց տալով իրենց անթաքույց զավթողական ու առավելապաշտական նկրտումները։
Իսկ զուգահեռ իրականության մեջ ՀՀ կառավարության ղեկավարը դպրոցի աշակերտներին ստում է՝ ասելով, թե այդ սյունը, որը ինքը ֆետիշացնում է՝ փրկելու է երեխաներին ու մեր պետությունը Ադրբեջանի զավթողական ծրագրերից․․․
Եվ որ սյուներ ենք դնում, որից այն կողմ Հայաստան չէ:
Ու այս ամենը մարսում ենք, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք սպառնալիքներ, երբ տեսնում ենք, թե ինչպես է ողջ Արցախը վերածվում պլացդարմի, որ Քելբաջարում տեղակայվել են իսրայելական «Lora» հրթիռակայաններ, բելառուսական «Полонез» և ռուսական «Солнцепёк» հրթիռներ, որոնք ուղղված են հայկական քաղաքների և նշանակետերը հասնում են մինչև Հրազդան ու Չարենցավան։
Այս ամենի ականատեսը լինելով, հասկանում ես, որ մենք ուղղակի ապրում ենք մի դառը իրականության մեջ, որտեղ սուտը դարձել է պետական քաղաքականություն, իսկ վտանգները կանխելու համար որևէ իրական քայլ չի ձեռնարկվում։
Այսպիսով՝ Ադրբեջանն ակնհայտորեն ուռճացնում է Հայաստանի զինվելու թեման և հող նախապատրաստում մեծ հարձակման համար՝ ուղիղ ասելով, որ պատերազմի է գնում, իսկ Հայաստանի իշխանություններն ընտրել են ջայլամի քաղաքականությունը՝ ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում։
Հետևենք զարգացումներին:
Մանրամասները Դավիր Կարապետյանի էջում