Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ — ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։
«Պակիստան — Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ — ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են», — ասել է ադրբեջանցի դիվանագետը:
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել [հայ — ադրբեջանական] կարգավորման գործընթացին», — հայտարարել է Ռաֆիևը:
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, ամիսներ առաջ հաղորդել էր, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը: