Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Մեքսիկայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, պետք է վերացվեն երկու հիմնական խոչընդոտներ։
«Նախ՝ խոսքը Հայաստանի Սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը»,-ասել է պաշտոնյան։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հանրապետության հետ: «Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը»,-նշել է նա։
Ամիրբեկովը նաև վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։